Անվանի երգահան Վլադիմիր Մուզիկանտովի հայկական արմատները

Vladimir MuzikantovՎլադիմիր Րյուրիկովիչ Մուզիկանտովը ծնվել է 1957 թ. նոյեմբերի 23-ին, Մոսկվայում: Նրա մայրը բժշկագիտության պրոֆեսոր է: Վլադիմիրը 1980 թ. ավարտել է Ի. Սեչենովի անվ. Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտը և մինչև 1993 թ. աշխատել Մոսկվայի Համամիութենական սրտաբանական գիտական կենտրոնում: 1985 թ. ստացել է կենսաքիմիայի գծով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1993 թ. հարազատներին թողնելով Մոսկվայում և Ուկրաինայում, կնոջ և զավակի հետ տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել Ֆիլադելֆիա քաղաքում: Աշխատում է Պենսիլվանիայի համալսարանի դեղաբանության ամբիոնի պրոֆեսոր և դեղերը արյան հոսքով ուղղորդելու լաբորատորիայի ղեկավար: Նրա գիտական աշխատանքները նվիրված են արյունատար անոթների ներսում արյունախցանները տարրալուծելու խնդրին: Հեղինակ է ավելի քան 120 գիտական հոդվածների:

Վլադիմիրը` «Մուզան» նաև հրաշալի կիթառահար է և անվանի երգահան: 1977 թ-ից սկսել է երգեր գրել, իսկ 1979 թ-ից` դրանք գրում է բացառապես սեփական բանաստեղծությունների հիման վրա: Գրել է ավելի քան 150 երգ, որոնք կատարվում են անվանի երգիչների, վոկալ-գործիքային խմբերի, ինչպես նաև իր իսկ կողմից:

Համագործակցել է «Էխո Մոսկվի» և «Ալա» ռադիոընկերությունների հետ: Թողարկել է 3 հեղինակային լազերային սկավառակ` «Հայելի» (Նյու Յորք, 2001), «Աշխարհի քաղաքացին» (Ֆիլադելֆիա, 2003) և «Վլադիմիր Մուզիկանտովի տասնհինգ երգերը» (2004):

Ռուսաստանի քաղաքացի, ամերիկաբնակ Վ. Մուզիկանտովը 2005 թ. սեպտեմբերի 2-ին «Ամերիկայի ձայնի» ռուսական բաժնի աշխատակից Վլ. Ֆրումկինին տված հարցազրույցի ընթացքում իր ազգանվան ծագման մասին պատմել է հետևյալը. «Դա իմ պապի-պապի ազգանվան թարգմանությունն է: Նա ծնունդով Կովկասից էր, ազգանունը` Սազանդարյան: Այսինքն հայ էր: Նա եկել է Պետերբուրգ և ընդունվել Ռազմա-բժշկական ակադեմիա: Դա եղել է տասնիներորդ դարի վաթսունական թվականներին: Չնայած նա շատ լավ երգել է և նրան հրավիրել են սովորլու Կոնսերվատորիայում, սակայն գերադասել է Ռազմա-բժշկական ակադեմիան: Երբ ավարտել է այն, դարձել ռազմական վիրաբույժ և ծառայելով հասել մինչև մայորի աստիճանի, այդ ժամանակ պետք է ստանար ազնվական կոչում և ռուսականացներ ազգանունը: Նա առանց այդ էլ ուղղափառ էր, քանի որ հայ էր, սակայն անհրաժեշտ էր ազգանունը ռուսականացնել: Իսկ «սազանդարյան» բառը, որը Կովկասում նշանակում է թափառական երաժիշտ, նա թարգմանել է որպես Մուզիկանտով: Եվ մինչև հիմա այդ ազգանունը գոյություն ունի»:

Հենվելով այս հակիրճ տեղեկության վրա կատարել ենք սույն ուսումնասիրությունը:

Պատմական տեղեկանք

Խնձորեսկ լեռնային գյուղը գտնվում է ՀՀ Գորիսի շրջանում: Գյուղի պատմությունը սկսվում է Սյունյաց աշխարհի սկզբնավորման շրջանից` XIII դարից, երբ ըստ հարկային ցուցակների գյուղը 10 դրամ հարկ է վճարել է Տաթևի մենաստանին: Գյուղի բնակչությունը գործուն մասնակցություն է ունեցել 1700-ական թթ. 1-ին քառորդին Սյունիքում ծավալված ազատագրական պայքարին, որը գլխավորում էր Դավիթ Բեկը: 1728-30թթ. Խնձորեսկի ամրոցը եղել է Մխիթար Սպարապետի զորքի հենակետը: Խնձորեսկում է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը: Խնձորեսկի և նրա քաջարի ժողովրդի մասին 1735թ. հանգամանորեն նկարագրել է Աբրահամ Կրետացի կաթողիկոսը իր «Պատմություն» գրքոմ: Խնձորեսկի մասին հիշատակել է նաև Ստեփանոս Օրբելյանը: Հին Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը: 1913թ. ունեցել է 1800 տուն, որոնցում հաճախ բնակվում էին մի քանի տասնյակ մարդուց բաղկացած գերդաստաններ: 1913թ. գյուղում եղել է 4 գործող եկեղեցի` սբ. Հռիփսիմե, սբ. Թադևոս, Անապատի և Հին, ինչպես նաև 27 խանութ և 7 դպրոց, որոնցից 2-ը ծխական, 5-ը` մասնավոր-տնային: Գյուղի բնակիչները զբաղվում էին դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգարծությամբ:

Եղել են բազմաթիվ արհեստավորներ` դարբիններ, ներկարարներ, որմնադիրներ, գզրարներ, դերձակներ, հացթուխներ, պայտառներ, գորգագործներ, զինագործներ, որոնց ծառայությունից օգտվում էին նաև շրջակա գյուղերի ու քաղաքների բնակիչները: Առանձնապես հռչակված էին Խնձորեսկի աշուղներն ու երգիչ-սազանդարները, որոնք պարսկերեն կատարվող ժողովրդական երգի մրցույթներին մասնակցելու նպատակով երբեն հասնում էին մինչև Թավրիզ:

XIX դ. վերջին և XXդ. սկզբին արդյունաբերության զարգացմանը զուգահեռ գյուղում առաջացել է գերբնակչություն, ինչի հետևանքով հազարավոր խնձորեսկցիներ սկսել են հեռանալ գյուղից և աշխատանք փնտրել Բաքվում, Միջին Ասիայում, Ռուսաստանում: 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 1300 խնձորեսկցի, որոնցից 480-ը զոհվել է մարտի դաշտում: Գյուղը տվել է 1 գեներալ, 8 գնդապետ, 80 սպա, 200 շքանշանակիր:

Անվանի խնձորեսկցիներ.

  1. Այվազյան Սուրեն - արձակագիր
  2. Արզումանով (Արզումանյան) Գուրգեն - գվարդիայի լեյտենանտ, էսկադրոնի հրամանատար, Սովետական միության հերոս, ՀՄՊ մասնակից
  3. Բալոյան Ներսես - գնդապետ, ՀՄՊ մասնաից
  4. Գյուլխասյան Աշոտ - բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր
  5. Գյուլխասյան Միքայել - գյուղատնտես-ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս
  6. Թյունյան Մելիք - գյուղատնտես, Սոցիալիստական աշխատանքի հերոս
  7. Կարապետյան Սերգեյ - դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր, ՀՄՊ մասնակից
  8. Շախունց Ալեքսանդր և Արսեն եղբայրներ - ծնվել են Թուրքմենստանի Մարի քաղաքում, խնձորեսկցու ընտանիքում: Միջին Ասիայում մեծ ժողովրդականություն են վայելում որպես հարսանեկան երաժիշտներ` երգեր են գրում, նվագում, երգում
  9. Սազանդարյան - աշուղ Թառսյունի
  10. Սազանդարյան Տիգրան - մանկավարժ, հասարակական գործիչ
  11. Սազանդարյան Տաթևիկ Տիգրանի - երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
  12. Սաթունց Արամ - երգահան
  13. Սարկիսով (Սարգսյան) Հակոբ - Լենինյան մրցանակի դափնեկիր
  14. Սևունց Գարեգին - արձակագիր
  15. Քոչունց Կամո - ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կուպուսի հրամանատար, գեներալ-մայոր:

Եվ այսպես, ռազմական բժիշկ Սազանդարյանը ծնվել է մոտավորապես 1840 թ., Կովկասում: Ազգությամբ եղել է հայ, դավանանքով քրիստոնյա: Նրա Սազանդարյան ազգանունը առաջացել է «սազանդարի» բառից, որտեղ «սազենդե»-ն պարսկերեն նշանակում է երաժիշտ: Հնում Անդրկովկասում (Հայաստան, Վրաստան), ինչպես նաև Իրանում և Մերձավոր արևելքի երկրներում այդպես էին անվանում սազ կամ այլ ժողովրդական նվագարան` թառ, քամանչա նվագող երաժշտին:

Մեզ հասանելի գրականության մեջ կարողացանք գտնել Սազանդարյան ազգանունը կրող ընդամենը 3 մարդ: Դրանցից առաջինը մինչև 1950-ական թվականները Գորիսի Խնձորեսկ գյուղում ապրած աշուղ Թառսյունին է, որի իսկական ազգանունը եղել է Սազանդարյան (Թարվերդյան Գ., Հայ գուսաններ, Ե., 1957, 300 էջ), երկրորդը դարձյալ Խնձորեսկում, մոտավորապես 1890 թ. ծնված դպրոցական ուսուցիչ և հասարակական գործիչ Տիգրան Սազանդարյանն է, իսկ երրորդը` վերջինիս դուստր` անվանի երգչուհի Տաթևիկ Տիգրանի Սազանդարյանն է (1916-1999), որը ևս ծնվել է Խնձորեսկում: Այսպիսով, հնարավոր է, որ բժիշկ Սազանդարյանը ևս սերել է Խնձորեսկ գյուղից և հանդիսացել նույն գերդաստանի ներկայացուցիչը: 1860-ական թվականներին պատանի Սազանդարյանը կրթություն ստանալու նպատակով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Տեսնելով, որ պատանին ունի հրաշալի ձայն, երաժշտական ընդունակություններ և երգելու ձիրք, նրան հրավիրել են ուսանելու Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում: Այս փաստը ինքնին խոսում է այն մասին, որ պատանի Սազանդարյանը սերել է սազանդարների երաժշտական գերդաստանից, որտեղ ժառանգորեն փոխանցվել են երաժշտական բարձր ընդունակությունները և սերնդեսերունդ հարգի եղել երգն ու նվագածությունը:

Սակայն պատանի Սազանդարյանը գերադասել է բժշկի մասնագիտությունը և 1860-ական թվականներին ընդունվել Սանկտ Պետերբուրգի ռազմա-բժշկական ակադեմիան: Կրթությունը ավարտելուց հետո ստացել է բժշկի կոչում և բժշկական ծառայության սպայի աստիճան: Այնուհետև, ինչպես ընդունված էր այդ տարիներին և այսօր էլ, մի քանի տարի ծառայելով հիվանդանոցներում մասնագիտացել է վիրաբուժության գծով և ստացել ռազմական վիրաբույժի մասնագիտություն: Դրանից հետո ծառայության է անցել ռուսական բանակում, որպես ռազմական վիրաբույժ: Որպես ռազմական վիրաբույժ, ամենայն հավանականությամբ մասնակցել է 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմին և ցուցաբերած խիզախությունների համար արժանացել կառավարական և մարտական պարգևների ու շքանշանների: Երկար տարիներ անձնվեր ծառայելով հասել է բժշկական ծառայության մայորի աստիճանի: Եվ, երբ եկել է վաստակաշատ բժշկին ռուսական ազնվականական տիտղոս շնորհելու ժամանակը, նրան առաջարկել են փոխել ռուսի համար անհասկանալի ազգանունը: Եվ տարեց բժիշկը իր Սազանդարյան ազգանունը ոչ թե փոխել, այլ թարգմանելով վերածել է Մուզիկանտովի: Ահա, այսպես է ավելի քան 100 տարի առաջ սկիզբ առել Մուզիկանտով ազգանունը կրող, սակայն հայկական արմատներ ունեցող, ռուս ազնվականական գերդաստանը, որի 4 սերնդի արու ժառանգների միջոցով մեզ է հասել միայն հայկական Սազարդարյան ազգանվան մասին հեռավոր հիշողությունը:

ՀԳ

Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ Ինտերնետում հայտնաբերեցի Եվգենի Ստեպանովիչ Մուզիկանտովին, որը 1988թ. եղել է ԽՍՀՄ արևելյան շրջաններում շինարարության նախարարի տեղակալը, և որի ազգակցական կապը Վլադիմիր Ռյուրիկովիչի հետ չկարողացանք ճշտել:

Հարություն Մինասյան
Loading...